«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Շողակաթ Վարդանյանին զգուշացրել են չմասնակցել «Փակ շուկայի» աղճատման դեմ անցկացվող ամենօրյա ակցիաներին. «Երեկ հայրիկիս զանգահարեց մեր համագյուղացիներից մեկն ու ասաց, որ Սամվել Ալեքսանյանի մենեջերը խնդրել է փոխանցել, որ աղջիկդ այլևս չմասնակցի ակցիաներին: Նաև հավելել է, որ ինքն իմ մասին մտածելով է սա անում: Հայրս էլ պատասխանել է, որ դա իմ իրավունքն է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Շողակաթը:

Ակտիվիստը Արմավիրի մարզի Թաիրով գյուղից է: Գյուղում բոլորն էլ գիտեն, որ Շողակաթը մասնակցում է «Փակ շուկայի» ակցիաներին:

«Էն սկզբում գյուղացիներին ասում էի, որ բոլորս պետք է մասնակցենք այս պայքարին, որ չպետք է թողնենք աղճատեն մեր հուշարձանները: Հետո հասկացա, որ էս մարդիկ գյուղացիներ են, ու նրանց նման բաները չեն էլ հետաքրքրում, ու այլևս այդ մասին ոչ մեկի հետ չեմ խոսել»,- պատմեց նա: