2014-ին Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը կաճի հասնելով 36 հազար դրամի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում 2014-ի պեռտական բյուջեի ծախսերի քննարկումների ժամանակ նշել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 15 տոկոսով ավելացնելու կառավարության մտադրության հետ կապված, միջին աշխատանքային կենսաթոշակը կավելանա՝ 31,3 հազար դրամից հասնելով 36 հազարի: Միաժամանակ կավելանա ինչպես բազային հատվածը (13 հազար դրամից դառնալով 14 հազար), այնպես էլ ստաժով պայմանավորված ավելացումները (մեկ տարվա համար 450 դրամից հասնելով 540 դրամի):

Աշխատանքային կենսաթոշակի ընդհանուր ծախսերը 2014-ին կաճեն 16,8 տոկոսով: Փոխնախարարը նշել է, որ դա կապված է ինչպես կենսաթոշակների, այնպես էլ այս տարի թոշակառուների թվի աճի հետ (445 հազարից դարձել են 452 հազար):

Սոցիալական կենսաթոշակների վճարումները կկազմեն 10 մլրդ 938 մլն դրամ կամ 10,9 տոկոսով ավելի այս տարվա ցուցանիշից: