2014թ. Հայաստանում երրորդ եւ չորրորդ երեխայի համար տրվող նպաստը կրկնակի   կավելանա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ  Պավել Սաֆարյանը:

Ըստ նրա՝ 2014թ.-ից սկսած այդ նպաստները 430 հազար դրամից կդառնան մինչեւ  1 միլիոն դրամ (2463 դոլար), իսկ հինգերորդ եւ ավելի երեխայի դեպքում կկազմեն 1,5 միլիոն դրամ (3694 դոլար): Առձեռն կտրվի 500 հազար դրամը, մնացած գումարը անկանխիկ ձեւով կտրամադրվի նպատակային ծախսերին  (բնակարանի գնում եւ այլն): Հայաստանում առաջին երկու երեխաների համար նպաստը 50 հազար դրամ է:

Այդ կապակցությամբ երեխայի ծննդյան նպաստների ընդհանուր հատկացումները կկրկնապատկվեն (կաճեն 85%-ով) ՝ 4 միլիարդ  625 միլիոնից մինչեւ 8 միլիարդ 565 միլիոն դրամ (ներկայիս փոխարժեքով՝  11,4 միլիոն դոլար եւ 21,1 միլիոն դոլար):