2014թ. Հայաստանում գործազրկության ծախսերը գրեթե կրկնակի կնվազեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2014թ. պետբյուջեի նախագիծը: Նա նշել է, որ այդ ծախսերի ծավալը 4 միլիարդ 73 միլիոնից կնվազի մինչեւ 2 միլիարդ 361 միլիոն դրամի (ներկայիս փոխարժեքով՝ համապատասխանաբար 10 միլիոն եւ 5,8 միլիոն դոլար):
Մասնավորապես, գործազրկության վճարումները 3 միլիարդ 589 միլիոնից կնվազեն մինչեւ 1 միլիարդ 728 միլիոն դրամի:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ կառավարությունը ձգտում է վերաուղղորդել գործազրկության ծրագրերը: Նպաստներից շեշտը կտեղափոխվի շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով գործազուրկներին նախապատրաստելու վրա:
Գործազրկության նպաստը կազմում է 18 հազար դրամ, ներկայումս ստացողների թիվը կազմում է 9 հազար (այստեղ ընդգրկված են միայն քաղաքաբնակները, քանի որ գյուղերում գրանցվածները եւ հող կամ անասուն ունեցողները ինքնազբաղ մարդիկ են համարվում):





























