Անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու եւ դրանով Հայաստանի օդային սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: Նա ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:
Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնց համատեքստում Տիգրան Սարգսյանը եւ Ջոն Հեֆերնը մտքեր են փոխանակել նոր համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:





























