Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 12-ից հետո կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա հարձակման առիթվ:
ՀԱԿ հայտարարությունում ասվում է.
«Այսօր, ժամը 12.10-ի շրջանում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ է ներխուժել 50 տարեկանի մոտ անձնավորություն եւ երկու դաշույնով սկսել սպառնալիքներ տեղալ Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետեւ դիմել է փախուստի:
Կոնգրեսի ներկայացուցիչներն անհապաղ տեղեկացրել են Ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են գրասենյակ եւ համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից: Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն տարածքը, որտեղով փախուստի է դիմել անհայտ անձը տեսագրվում է մի քանի տեսախցիկներով եւ վստահեցրել, որ դրանք բոլորը գտնվում են սարքին վիճակում:
Այս պարագայում Ոստիկանության համար դժվարություն չպետք է ներկայացնի ինչպես գրասենյակ ներխուժած անձի ինքնությունը պարզելը, այնպես էլ նրան հայտնաբերելը: Հայ ազգային կոնգրեսը իր գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ կտա, երբ կհայտնաբերվի նշված անձն, ու կպարզվեն նրա արարքի դրդապատճառները: Իսկ տեսագրությունների առկայության պարագայում նրա չհայտնաբերման դեպքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ից հետո, անհայտ անձը ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ եւ ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացել Կոնգրեսի ղեկավարության հասցեին ու դիմել փախուստի: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Կոնգրեսի ներկայացուցիչներն ահազանգել են ոստիկանություն եւ տվել համապատասխան վկայություններ: Արման Մուսինյանը տեղեկացրել էր նաեւ, որ տուժողներ չկան, իսկ ավելի ուշ հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ:





























