Վանից ընտրված քուրդ կին պատագամավոր Այսել Թուղլուքի առաջարկը՝ Վանի (Van-թուրքերեն-խմբ) անունը գրել W-ով, հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք է տվել սոցկայքերում եւ ֆորումներում։
Այս համատեքստում Այսել Թուղլուքի հայտարարության շուրջ Radikal պարբերականի հրապարակած տեղեկության տակ Al Capone ծածկանունով ընթերցողը թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Եթե այդպես եք սկսում, ուրեմն այդ հարցում հայերն էլ խոսքի իրավունք կստանան»։
Իսկ eksisozluk.com-ի ֆորումներից մեկում punkgeısha ծածկանունով օգտատերը հեգնել է այդ առաջարկը՝ գրելով. «Եթե Wan դարձան, բոլոր խնդիրները կլուծվեն, ժողովրդավարություն կհաստատվի, մարդիկ ավելի լավ կապրեն։ Այդ տիկնոջը կուզեի ասել, որ եթե ձեռքին քաղաքական ուժ կա, թող զբաղվի երկրաշարժի հետեւանքով փողոցում հայտնված մարդկանց օգնելով։ Անիմաստ բաներով եք զբաղվում»։
Նույն ֆորումի մեկ այլ մասնակից lanemoje-ն թողել է հետեւյալ գրությունը. «Սրանից 100 տարի առաջ Վանում քուրդ չէր լինի գտնել, այն հայերի եւ թուրքերի քաղաք էր։ Եթե նման պահանջը հայերը բարձրացնեին, կասեմ, որ ճիշտ են, բայց ոչ քրդերը»։
Վանի տեղական Gazetevan.com կայքում նույն հրապարակման տակ գրեթե բոլոր վանեցիները խիստ են արտահայտվել այդ առաջարկի դեմ՝ կին պատգամավորին խորհուրդ տալով օգտակար բաներով զբաղվել։
Այդ կայքի լուրի տակ ismail pala ծածկանունով ընթերցողը գրել է. «Պատգամավոր, սխալ մի արա։ Wan-ը հայերեն բառ է, քրդերեն չէ։ Խնդրում եմ դրան ուշադրություն դարձրու»։
Նշենք, որ կին պատագամավոր Այսել Թուղլուքը, օգտվելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթից, խորհրդարան է ներկայացրել Վան քաղաքի թուրքերենով Van անունը քրդերի կողմից օգտագործվող Wan-ի փոխելու առաջարկ։





























