Պեկինի «Արգելված քաղաքի» Տյանանմեն հրապարակի մոտի ահաբեկչությունը կազմակերպվել էր 40 հազար յուանով (6,5 հազար դոլար): Նման հայտարարությամբ հանդես է եկել չինական CCTV հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի` ահաբեկչություն նախապատրաստումը սկսվել էր 2013-ի սեպտեմբերին: Պեկին էր ժամանել ութ ահաբեկիչներից բաղկացած խումբ, որոնք մոտներն ունեցել էին տիբեթյան դաշույններ եւ 400 լ բենզին:
Ահաբեկիչները կանգ էին առել Պեկինի արեւմուտքի հյուրանոցներից մեկում: Ահաբեկչությունից անմիջապես առաջ նրանցից հինգը վերադարձել էին Ուրումչի` Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի կենտրոն, իսկ Պեկինում մնացել էին երեք անմիջական կատարողները, հայտնում է lenta.ru-ն:
Հոկտեմբերի 28-ին ամենագնացը, որում ահաբեկչության երեք կատարողներն էին, մխրճվել էր զբոսաշրջիկների ամբոխի մեջ, պայթել եւ այրվել: Ավտոմեքենայում գտնվող տղամարդը, նրա կինն ու մայրը զոհվել էին: Ահաբեկչության զոհ էին դարձել երկու զբոսաշրջիկներ, եւս 40 մարդ տուժել էր:
Ահաբեկչության մասնակցության կասկածանքով Պեկինում հինգ մարդ է ձերբակալվել` ույղուրական հնչողությամբ անուններով: Նախօրեին Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղաքա-իրավական հանձնաժողովի քարտուղարը հայտնել էր, որ ահաբեկչության հետկուլիսյան պատվիրատուն Արեւելյան Թուրքստանի իսլամական շարժումն է:
Ույղուրյան իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ Տյանանմեն հրապարակի ահաբեկչության հետաքննության շրջանակում տեղի 50 բնակիչ է կալանավորվել:





























