ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ամբողջ ընթացքում Associated Press-ի լուսանկարիչները միայն երկու անգամ են հնարավորություն ստացել նախագահին լուսանկարել Սպիտակ տան իր աշխատասենյակում: Ընդ որում` երկու անգամն էլ եղել է նախագահական առաջին ժամկետում:
Նման հայտարարությամբ հանդես է եկել AP-ի ֆոտոծառայության ղեկավար Սանտյագո Լիոնը` Ինդիանապոլիսում AP Media Editors կոնֆերանսի ընթացքում, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Caller-ը:
Տեղեկատվական գործակալությունների լուսանկարիչները Սպիտակ տուն ազատ մտնում են միայն այլ պետությունների ղեկավարների հետ Օբամայի հանդիպումների ժամանակ, այնինչ զուտ Օբամայի կամ նրա աշխատակազմի գործունեության լուսաբանման համար Սպիտակ տունը գերադասում է իր լուսանկարիչների կողմից արված նկարները տարածել:
Սա հակասում է Օբամայի այն հայտարարությանը, թե ինքը ցանկանում է իր աշխատակազմի գործունեությունը պատմության մեջ ամենաթափանցիկը դարձնել, նշել է Լիոնը:
AP-ի ղեկավարությունը խմբագիրներին կոչ է արել չհրապարակել Սպիտակ տան տրամադրած լուսանկարները:





























