Հասարակական կազմակերպությունները չպետք է փոխարինեն երկրի իշխանություններին, այլ պետք է լրացնեն նրանց: Այս մասին նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ժողովրդական դիվանագիտության մեջ ՀԿ-ների դերին:

«Ժողովրդական դիվանագիտությունը բավական արդյունավետ է աշխատում ժողովրդավար երկրներում, որտեղ հարգում եւ հաշվի են առնում հանրային կարծիքը: Իհարկե, մենք որոշակի խնդիրներ ունենք, բայց Հայաստանն արդեն ձգտում է նման երկիր դառնալու», - նշել է նա:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` հասարակական կազմակերպությունների մակարդակով ոչ պաշտոնական շփումները ավելի ցանկալի արդյունք են տալիս, քան պաշտոնական կապերը:

Անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական համայնքների հետ հայկական կազմակերպությունների կապերին`Ստեփան Գրիգորյանը նշել է.

«Թուրքիայի դեպքում հասարակությունն ավելի ազատ է, եւ նրանց հետ կապեր հաստատելը շատ ավելի հեշտ է: Ժողովրդական դիվանագիտությունը,  հասարակական կազմակերպությունների օգնությամբ, փոխում է Թուրքիայի ներսում տրամադրվածությունը»: Ըստ քաղաքագետի` դրա վկայություններից է այն փաստը, որ կոնֆերանսներից մեկի ընթացքում թուրք երկու գործիչներ հայտարարեցին Ցեղասպանության ճանաչման մասին:

Ստեփան Գրիգորյանի խոսքով` հայ եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ համագործակցության դրական օրինակներ եւս կան, երբ կողմերը համանման են քվեարկել այս կամ այն հարցին:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am