Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին այցելել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանին:
ԱՊԱ-ի փոխանցմամբ` ռազմագերու վիճակով հետաքրքրվող շեյխին տեղեկացրել են, որ «գերուն չեն նեղացնում, նրա մասին հոգ են տանում»: «Հ. Ինջիղուլյանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում հայտնվել է ոչ թե մոլորվելու պատճառով, այլ դա արել է գիտակցաբար, քանի որ հայրենի զորամասում իրեն պարբերաբար ծեծում եւ նեղացնում էին»:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեինը, Ադրբեջանում Լեռնային հրեաների համայնքի ղեկավար Մելիք Եվդաեւը եւ Բաքվի կաթոլիկ համայնքի ղեկավար Վլադիմիր Ֆեկետեն:
Հիշեցնենք, 2010թ. ստորագրած հռչակագրով կրոնական առաջնորդները պարտավորություն էին ստանձնել`Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդներին աջակցել ռազմագերիների խնդիրների լուծման հարցում:
Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգում էր ռազմագերու եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին այցելել 12 օր անց:





























