Գերմանիայի ոստիկանությունը Մյունխենում հայտնաբերել է դեռեւս անցյալ դարի 30-ականներին մոդեռնիստների նացիստների կողմից բռնագրավված կտավները` 1 միլիարդ եվրո արժողությամբ: Այդ սենսացիոն բացահայտումը կատարվել է դեռեւս 2011թ., սակայն տեղեկությունը մինչ այժմ գաղտնի էին պահել, հայտնում է Guardian-ը:
Հավաքածուում 1500 նկար է, որոնց թվում են Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի, Պաուլ Քլեյի, Մաքս Բեքմանի եւ Էմիլ Նոլդեի գլուխգործոցները:
Ըստ լրատվամիջոցների` կտավները պահվել են արվեստաբան Գիլդեբրանտ Գուրլիտի որդու` 80-ամյա Կոռնելիուս Գուրլիտի բնակարանում: Նացիստները արվեստաբանին հեռացրել էին Ցվիկաու քաղաքի թանգարանի տնօրենի պաշտոնից, քանի որ վերջինս կիսով չափ հրեա էր: Սակայն հետագայում հիտլերյան իշխանությունները նրան էին հանձնարարել վաճառել մոդեռնիստների կտավներն արտասահմանում: Այդպես էլ նկարները հայտնվել էին նրա մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո` Գուրլիտը նացիստական հետապնդումների զոհ էր ճանաչվել: Գուրլիտը պնդում էր, որ իր մոտ եղած հավաքածուն ոչնչացել էր 1945թ. ամերիկացիների կողմից Դրեզդենի ավերիչ ռմբակոծությունից հետո:
Գիլդեբրանդի որդի Կոռնելիուսը պահպանել էր հոր ժառանգությունը մառանում` պահածոնեի հետ: 2010թ. Շվեյցարիայից Մյունխեն մեկնող գնացքի պատահական ստուգման ժամանակ մաքսայինները խոշոր կանխիկ գումար էին հայտնաբերել: 2011թ. գարնանը ոստիկանությունը խուզարկել էր նրա բնակարանը եւ գտել նկարները:
Հայտնաբերված գեղարվեստական գանձերը պատկանել էին հրեա հավաքածուատերերին, որոնցից նացիստները դրանք բռնագրավել էին` որպես «այլասերված արվեստի» (Entartete Kunst) նմուշներ:





























