Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի գործողությունների արդյունքում համալսարանը, ամբիոնները քայքայվում են, ինժենարական կրթությունը վտանգված է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ՀՊՃՀ-ի Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի դասախոս, մոտ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող Վալերի Աթոյանը։

Ռեկտորի գործունեությունից նա մեկ ընդամենը դրվագ մանրամասնեց՝ տեղեկացնելով, որ նույն կերպ նա գործում է նաեւ համալսարանի գործունեության տարբեր ոլորտներում՝ ուսումնական պրոցեսի, դասախոսների աշխատավարձի, դասախոսությունների կազմակերպման եւ այլ հարցերում։ Մասնավորապես, Վալերի Աթոյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես անցկացվեց Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչի ընտրությունը։ Այսպես, 2011թ դեկտեմբերին լրացել էր ամբիոնի վարիչի պաշտոնավարման ժամկետը, անհրաժեշտ էր անցկացնել ամբիոնի վարիչի նոր ընտրություն, որը սովորաբար տեւում է 2-3 ամիս։ Ռեկտորը որպես պաշտոնակատար նշանակեց պաշտոնավարման ժամկետը ավարտած վարիչին, այնուհետեւ մեկուկես տարի անց ազատեց նրան պաշտոնից եւ փոխարենը նշանակեց Էլեկտրատեխնիկայի ամբիոնի դասախոս Գ. Կարդաշյանին, դա զարմացրեց դասախոսներին, քանի որ վերջինս էլեկտրաէներգետիկայի ոլորտում աշխատանքային փորձ չուներ։

Նշանակումից երեք ամիս հայտարարվեց մրցույթ,ամբիոնի նիստում անցկացվեց երեք թեկնածուների քննարկում եւ քվեարկություն, արդյունքում՝ ամբիոնի դոցենտ Մանուկյանը բացարձակ առավելություն ստացավ։ Ֆակուլտետի խորհրդում, մանդատային հանձնաժողովում եւս Մանուկյանը հավաքեց ամենաշատ ձայները, եւ  համալսարանի գիտական խորհրդում  ընդունված կանոնակարգի հանաձայն  քննարկման պետք էր ներկայացվեր  առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն, այսինքն միայն Մանուկյանը, սակայն ռեկտորը խորհրդում ներկայացրեց  քննարկման բոլոր երեք թեկնածուների հարցը։

«Այս անգամ աշխատեց ռեկտորի վարչական ռեսուրսը, եւ առավելությունը ստացավ Կարդաշյանը։ Անցել են ամիսներ, եւ մեր կասկածները ճիշտ էին, Կարդաշյանը չի տիրապետում ամբիոնում դասավանդող ոչ մի առարկայի, սակավաթիվ ամբիոնի նիստերը անցկացնում է ցածր մակարդակով, նրա անելիքը հիմնականում ռեկտորի հրամանների ընթերցումն է: Այս անձը երբեք չի կարողանա ղեկավարել ամբիոնը եւ իր այս պաշտոնում լինելը բերում է ամբիոնի քայքայմանը, ինչը անթույլատրելի է։ Իսկ ռեկտորը ինձ համալսարանի գիտական խորհրդի ընդմիջման ժամանակ ասեց, թե հեշտությամբ կվերացնեմ ձեր ամբիոնը, անվանումը կփոխեմ եւ կմիացնեմ մեկ ուրիշ ամբիոնի, եւ ձեր մասին շատ արագ կմոռանան, ոչ ավել, ոչ էլ պակաս»,- պատմեց երկարամյա փորձ ունեցող դասախոսը։ Նա նշեց, որ սա ընդամենը մի փոքրիկ դրվագ է Արա Ավետիսյանի գործողություններից։

Դրանից բացի՝ ռեկտորը չի սիրում մեծահասակ դասախոսներին, իսկ երիտասարդներն էլ մեծ դժվարությամբ են համաձայնում մնալ համալսարանում եւ դասավանդել։ Օրինակ՝ Վալերի Աթոյանի դասաժամերի քանակը կրճատեց, իսկ աշխատավարձերի հաշվման նոր կարգի արդյունքում նա 65 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Դասախոսի փոխանցմամբ՝ նոր ռեկտորը համալսարանի նախկին ռեկտորների ջանքերով տարիների կուտակված  պահուստային, մեծ գումարները գրեթե մեկ տարվա ընթացքում ծախսեց ոչ թե առաջնաերթ,  կենսական խնդիրնեի  լուծման համար, օրինակ` լսարաններում դասախոսությունների ժամանակակից տեխնիկական միջոցների տեղադրում, դասախոսների աշխատանքային պայմանների պատշաճ կահավորում ու  համակարգիչներով ապահովում, եղած ուսումնական լաբորատորիաների տեխնիկական վերազինում, այսինքն  ներդրումներ անի մարդկանց համար, այլ  կազմակերպեց փիառ ակցիա հիշեցնող ազգային լաբորատորիա, որի արդյունավետությունը ցածր է, ըստ էլեկտրաէներգետիկայի ամբիոնի ուսումնական լաբորատոր աշխատանքների եւ պատերի է ներկման, աստիճանների քանել-սարքելու վրա:

Մեկ այլ օրինակ է այն, որ Վալերի Աթոյանի ղեկավարած բազային գիտական լաբորատորիան տեղափոխել է նախկինից մոտ հինգ անգամ փոքր տարածք, այնտեղ հին համակարգիչներ են, չկա ինտերնետ, եւ լաբորատորիայի արդյունավետությունը վտանգված է։ Վալերի Աթոյանը շեշտում է, որ սրանք ընդամենը դրվագներ են ռեկտորի գործունությունից եւ այդ քայլերով նա վտանգում է Հայաստանում ինժեներական կրթությունը: