Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասամ նահանգում զինվորական հագուստով մարդիկ  սպանել են յոթ մարդու, որոնք նշում էին  հնդկական գլխավոր տոն Դիվալին՝ կրակների փառատոնը:

Գոալպարա շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը,  վերջին շաբաթների ընթացքում սրվել էին հարաբերությունները Ռաբհա Հաջոնգ եւ Գարոս ցեղերի միջեւ: Նոյեմբերի 3-ի երեկոյան գրոհայինները կրակել էին Դիվալիի տոնի առիթով թեյի խանութի մոտ  թղթախաղով տարված մարդկանց  խմբի ուղղությամբ: Սպանվածները Ռաբհա Հաջոնգի ցեղի ներկայացուցիչներ են եղել: 

Սպանությունից հետո գրոհայինները մեկնել են հարեւան Մեգհալայա նահանգ:  Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ա. Պ. Ռաուտը հայտնել է, որ  տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրությունների կապակցությամբ տեղի են ունեցել բախումներ Ռաբհա Հաջոնգի եւ այլ ցեղերի միջեւ, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը: