Երեւանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաեւ բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է, որ զուգահեռաբար ընթացքի մեջ են նաեւ հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում պահել վթարված լուսացույցների փոխարինման եւ գծանշման աշխատանքները:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.6 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք եւ իրականացվել են քանդման աշխատանքներ:
Քաղաքապետը մեկ անգամ եւս ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացման մասով: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանկացած ապօրինի շինություն ապամոնտաժվելու է:
Հանձնարարվել է նաեւ խստորեն հետեւել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման մասով զեկուցվել է, որ շարունակվում է առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների վերականգնման գործընթացը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ բակային տարածքները աշնանային տերեւաթափից մաքրելու աշխատանքները: Հսկողություն է իրականացվում նաեւ տերեւների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ:




























