Նոր՝ H7N9  գրիպի A տեսակի նոր ենթատեսակի դեպքեր են արձանագրվել  հարավ-ասիական երկրներում, մասնավորապես, Չինաստանում: ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի ազգային համակարգող Լիանա Թորոսյանը հայտնեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում 137 լաբորատոր հաստատված դեպք է արձանագրված, որից 45-ը ավարտվել է մահվան ելքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ վարակի աղբյուրը տնային թռչուններն են, չնայած այս վարկածը դեռ հետազոտվում է։ Դեռ պարզ չէ՝ վարակը գալիս է տնայի՞ն, թե՞ վայրի թռչուններից:

Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ համարվող «Կորոնա» վիրուսի վարակի աղբյուրը չղջիկներն ու ուղտերն են: Վերջին դեպքերը արձանագրվել են Սաուդյան Արաբիայում:

Ոչ Հայաստանում, ոչ էլ մեր սահմանակից երկրներում այս վիրուսներով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել, բայց կասկածելի դեպքեր եղել են Գերմանիայում և Ռուսաստանում։