Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հիվանդին ծեծելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նվեր Հովհաննիսյանը, ով ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականն է:
Նա նշեց, որ ստեղծել է հանձնաժողով, որը մանրամասն զննում է կատարել հիվանդին, եւ որեւէ կապտուկ, վնասվածք չի հայտնաբերվել: «Նման բան չկա ու չի եղել, եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք գալ եւ տեսնել: Մենք Արմենուհի Գրիգորյան անուն, ազգանունով երկու հիվանդ ունենք, երկուսն էլ շատ լավ վիճակում են»,-ասաց Նվեր Հովհաննիսյանը:
Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց մոտ նորմալ վերաբերմունք է հիվանդների նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր,որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծի են ենթարկել: Կասկածներ կան, որ նրան ծեծել են հիվանդները: Չի բացառվում նաեւ բժիշկների կողմից հիվանդին ծեծի ենթարկելու տարբերակը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է եւ հրաժարվում է մատնացույց անել իր վրա հարձակվողներին:





























