Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում ծառեր են հատել, ու ապօրինի շինարարություն է իրականացվում, ինչի մասին սեփականատերը տեղյակ չէ (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ին ասաց Դավիթ Ծաղիկյանը, որը սեփականատիրոջ կողմից լիազորված անձ է:

Նոյեմբերի 4-ի առավոտյան Ծաղիկյանն ու գործընկերները, աշխատանքի գալով, նկատել են, որ իրենց տարածքում բանվորներ են հայտնվել: «Հարցրինք` ովքեր եք, պատասխանեցին, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի հրահանգով են այստեղ, քաղաքապետարանի հանձնարարությունն է: Զանգեցի մեր սեփականատիրոջը, նա ոչինչ չգիտեր այդ մասին: Հետևաբար սա ապօրինի շինարարությունն է»,- ասաց Ծաղիկյանը:

Բանվորները համալիրի աշխատակիցներին պատմել են նաև, որ քաղաքապետարանը նոր ճանապարհ է կառուցում: Առավոտյան նրանք հասցրել են 3-4 ծառ կտրել, տեղահանել հուշաքարը, որը 1983թ. տեղադրել էր Կարեն Դեմիրճյանը:

Հարցին, թե ուր է հուշաքարը, բանվորները չեն պատասխանել: «Ստիպված ոստիկանություն ենք կանչել, որ բանվորներին իրենց տեխնիկայով հեռացնեն մեր տարածքից: Ես էլ գնացի ոստիկանական բաժանմունք` հաղորդում տալու, որովհետև նորից եմ ասում` ապօրինի շինարարություն է»,- հավելեց լիազորված անձը:

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, որը ոչինչ չգիտեր ընթացող շինարարության մասին: «Համալիրի տարածքում մենք ոչ մի շինարարություն էլ չենք իրականացնում: Ես կկապվեմ մեր բնապահպանության վարչության պետի հետ, ու եթե ապօրինի ծառահատում է, կտուգանվեն մեղավորները, իսկ եթե չէ, ուրեմն չէ»,- ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am