Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը; Համանախագահն ընդգծել է, որ դա այն հարցերից մեկն էր, որը քննարկվել է Ադրբեջանի նախագահի հետ այսօրվա հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ նախագահների հերթական հանդիպումը ծրագրվում է կազմակերպել մինչեւ տարեվերջ: «Համանախագահներն այսօր կուղեւորվեն Երեւան: Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանում այդ քննարկումից հետո պաշտոնական հայտարարություն կտարածվի: Հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչեւ տարեվերջ»,-հաղորդել է Պոպովը:

Որեւէ միջոցառման շրջանակներում հանդիպումը ծրագրելու մասին հարցին համանախագահը պատասխանել է. «Տվյալ պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: