Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի ձերբակալվելուց առաջ, նրա հետեւից գնացել են Գուժ անունով մեկը, որը մեծահարուստի տղա է եւ վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Տիգրան Սահակյանի որդին` Վալերիկը, սակայն Քյարամը հրաժարվել է նրանց հետ գնալ եւ ավելի ուշ ազգականի հուղարկավորության ժամանակ ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Նա պատմեց, որ մինչ այդ, ՀՔԾ-ի պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին ԵՊՀ-ի դասախոսներից մեկից իր BMW մեքենան է խնդրել, որ ընկերը դրանով ժամադրության գնա եւ մեքենան կանգնեցրել են Չարենցի փողոցի վրա ու այդ պատմության մեջ ներքաշել են Քյարամ Ամոյանին:
«Քյարամին Գուժ կոչեցյալը SMS-ներ է ուղարկել, որ գնա այդ մեքենան տանի, բայց Քյարամի մոտ նույնիսկ բանալի չի եղել: SMS-ները միակողմանի են: Դրանցում ասվում է, որ թեեւ ախպերդ մեռել է ու դու թաղման տեղն ես, բայց ոչինչ, պետք է գաս: Քյարամը այդ SMS-ներին չի պատասխանել: Գուժը, որը սովորում էր իրավաբանական ֆակուլտետում, բայց նրան գիժ սարքեցին եւ երկրից հեռացրեցին անհայտ ուղղությամբ, եւ վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Տիգրան Սահակյանի որդին` Վալերիկը, ժամը 22.00-ի սահմաններում գնում են հուղարկավորության վայր՝ Քյարամի մոտ, որ համոզեն իրենց հետ տանեն»,- պատմեց Քյարամի մայրը: Նրա պատմելով, նրանք մեքենայի մեջ Քյարամին երկար համոզում են, բայց նա չի համաձայնում նրանց հետ գնալ: Խոսակցության ընթացքում հեռախոսը գրպանից ընկնում է եւ մնում մեքենայի մեջ: «Գործով փաստեր կան, որ հեռախոսը Քյարամի մոտ չի եղել եւ նա էլ մեքենայի մեջ չի եղել: Բացթողնված զանգեր կան, որ Սոչիից ընկերուհին զանգահարել է, բայց նա չի պատասխանել: Եթե մոտը լիներ ինչո՞ւ պետք է չպատասխաներ: Բայց այնպես արեցին, որ Մարսել Մաթեւոսյանի որդին էլ գործից դուրս մնաց: Իսկ քանի որ այդ մեքենան մի գիշեր կանգնել է Չարենցի փողոցում եւ միջից հայտնաբերվել է Քյարամի հեռախոսը, ցանկանում են բարդել Քյարամի վրա»,- նշեց Կարինե Ամոյանը:
Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանն էլ հաստատեց, որ իսկապես գործով նման դրվագներ կան եւ նշեց, որ առաջիկայում դիմելու են Եվրադատարան՝ Քյարամ Ամոյանի անմեղությունը ապացուցելու համար: «Իսկ այսօր, ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ մենք անմեղ ենք, այլ դատարանը պիտի ապացուցի, որ մեղավոր ենք»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Իսկ ՀՀ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել էր, ճնշումը կտրուկ բարձրացել էր, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված էր ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը





























