Գյումրիի օդանավակայանում մեծ քանակությամբ վառելիքի կորստի գործով ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) ստուգումներից հետո քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: 

Ոստիկանությունից փոխանցեցին, որ ԿՀԴՊ գլխավոր վարչության նախապատրաստված նյութերն ուղարկվել են  ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, որտեղ էլ  սույն թվի հոկտեմբերի 23-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի  3 հատկանիշներով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 5010-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5  տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նշանակվել են նաեւ մի շարք փորձաքննություններ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի օդանավակայանում արտակարգ դրություն է: Այդ մասին տեղեկացնում էին Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները: «Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ է իրականացնում այստեղ, նրանք աշխատակիցներից ցուցմունքներ են վերցնում 122 տոննա վառելիքի կորստի համար: Հարցաքննվում են գրեթե բոլոր աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կապված են անվտանգության ու վառելիքի մատակարարման հետ»,- հայտնել էին կայքի ոստիկանական աղբյուրները: