Շիրակի մարզում 24-ամյա Անի Ա.-ն ծեծել է հարեւանի տղային եւ նրա մորը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 24-ամյա Անի Ա-ն, կենցաղային հարցով՝ փողոցով անցնող առուն Սեւադա Մ.-ի կողմից մաքրելու կապակցությամբ, վիճաբանել է նրա որդու՝ Ռաֆիկ Մ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով դիտավորյալ մի քանի անգամ հարվածել է նրա գլխին, ճանկռել դեմքը:

Դրանից հետո նա նույն հարցի շուրջ վիճաբանել է Սեւադա Մ.-ի կնոջ՝ Աիդա Մ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ դիտավորյալ հարվածել է նրա գլխին, ձախ ականջի շրջանին, պատճառել նրա առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: