«Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները եւ հայտարարել, որ չի լռելու։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։

 «Ժողովուրդ»–ին հաջողվեց զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի հետ։ Վերջինս պատմեց, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները՝ Ռազմիկը, Արոն եւ Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»»,–մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):