Նորվեգիայի Սոգն-օգ-Ֆիորդանե գավառում նոյեմբերի 4-ի երեկոյան դանակով զինված տղամարդը փորձել է գրավել ավտոբուսը: Հայտնի է, որ ոստիկանությանը հաջողվել է բռնել չարագործին:
Սպանվել է 3 մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով նորվեգական լրատվամիջոցները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ոստիկանությունը կատարվածի մասին ահազանգ էր ստացել նոյեմբերի 4-ի երեկոյան, սակայն մոտակա հերթապահ մեքենան գտնվել է դեպքի վայրից 90 կմ հեռավորության վրա եւ կարողացել էր ժամանել միայն մեկուկես ժամ անց: Մարդասպանին բռնել են դեպքի վայր առաջինը ժամանած հրշեջները: Օսլոյից կանչվել է նաեւ հատուկ նշանակության ջոկատ, սակայն դրա օգնության կարիքը չի զգացվել:
Պարզվել է հանցագործի ինքնությունը. Հարավային Սուդանից եկած 31-ամյա տղամարդ, որն ապրում է Օրդալում: Նա սպանել է ավտոբուսի վարորդին, ինչպես նաեւ երկու ուղեւորի: Օրդալից Լերդալ մեկնող երեկոյան ավտոբուսում հանցագործից եւ իր զոհերից բացի ոչ ոք չի եղել:
Ոստիկանների համար դեռ պարզ չէ կատարվածի ամբողջ պատկերը, ինչպես նաեւ սպանության դրդապատճառները: Ձերբակալությունից հետո բազմաթիվ վնասվածքներ ստացած սուդանցին տեղափոխվել է հիվանդանոց:





























