Թունիսի իշխանությունը եւ ընդդիմությունը չեն կարողացել համաձայնության հասնել կառավարության ղեկավարի թեկնածուի հարցում եւ անորոշ ժամանակով դադարեցրել են բանակցությունները:
«Մենք վճռել ենք ազգային երկխոսությունը դադարեցնել այնքան ժամանակ, քանի դեռ բարենպաստ պայմաններ չեն լինի բանակցությունների հաջող ավարտի համար», - բանակցություններին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Թունիսի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցություններն սկսվել էին հոկտեմբերին: Կողմերը փորձում են պայմանավորվել երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիների շուրջ, որում երկիրը հայտնվել էր իսլամիստների իշխանության գալուց եւ դրան հաջորդած իշխանության եւ ընդդիմության միջեւ լարվածության սրումից հետո, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Թունիսում ազգային քննարկումն իրականացվում է «աշխատանքային քարտեզի» շրջանակներում, որը հոկտեմբերին ստորագրել էին Թունիսի ընդդիմությունը եւ ղեկավարությունը: Ընդդիմությունը ձգտում է հասնել իշխանությունից իսլամիստների ամբողջական բացառման եւ կառավարության հրաժարականի` որպես բանակցություններն սկսելու նախապայման:





























