Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը կհրավիրվեն Էդուարդ Շեւարդնաձեն եւ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

 «Հոկտեմբերի 27-ին մենք եվրոպական չափանիշներով ընտրություններ անցկացրինք, երդմնակալությունը եւս եվրոպական չափանիշներով կանցկացվի:  Եվրոպական երկրներում երդմնակալությունները խորհրդարանի նիստերի  դահլիճում են անցկացնում: Ցավոք, Թբիլիսիում մենք այդ հնարավորությունը չունենք, ուստի որոշեցինք այն անցկացնել շենքի բակում: Դա թանկ չի լինի եւ քաղաքը կաթվածահար չի անի», - ասել  է Փանջիկիձեն:

Ըստ նրա՝ հանդիսավոր արարողությանն անպայման ներկա կլինի ռազմական բաղադրիչը, բայց ծանր տեխնիկան եւ օդուժը չեն ներգրավվի, գրում է «Նովոստի Գռուզիան»:

 «Նոր նախագահի երդմնակալության համար շատ ավելի քիչ գումար կծախսվի, քան նախկինում», - վստահեցրել է  նախարարը:

Երդմնակալությունից անմիջապես հետո Մարգվելաշվիլին կմեկնի Հերոսների հրապարակ՝ հարգելու Վրաստանի միասնականության համար զոհվածների հիշատակը: Երեկոյան Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում  կկայանա մեծ համերգ:

Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին: