Արարատյան հայրապետական թեմի Ջրաշեն գյուղում, նոյեմբերի 2-ին, տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողություն. Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել են եկեղեցու հիմքի 16 քարերը:
Արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Ջրաշենի համայնքապետ Արտյոմ Ղազարյանը, գյուղի այցելու քահանա արժանապատիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, մարզի գյուղապետեր, համայնքապետեր, ժողովուրդ:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դիմելով հավաքվածներին, ասել է. «Եթե գյուղացիներն ու համայնքը որոշել են, որ գյուղում եկեղեցի պիտի պարտադիր կառուցվի եւ դրանով համայնքի պատմությունը շարունակվի, ապա այդ քայլը միանգամայն ողջունելի է: Նշանակում է գյուղում եկեղեցի ունենալու կարիքն իսկապես զգացվում է: Մենք ընդամենը պետք է օգնենք, աչալուրջ լինենք, որ եկեղեցին արագ կառուցվի: Սա է մեր պատմությունը, սրանով ենք մենք երեւացել ամբողջ աշխարհին»: Հիմնարկեքի արարողությունից հետո Տ. Նավասարդ Սրբազանը այցելել է Բարձրաշեն համայնք: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Բարձրաշենի գյուղապետն ու գյուղի դպրոցի տնօրենը նրան ուղեկցել են դեպի այն վայր, որտեղ արդեն փորվել են այս գյուղի ապագա եկեղեցու հիմքերը:
«Վստահ եմ, որ շուտով այստեղ վեր կխոյանա մի հոյակերտ եկեղեցի, որ ձուլվելով շրջակա գեղեցիկ բնությանը` կդառնա Արարչի հրաշալի արարչագործության եւ մարդու ստեղծագործության ներդաշնակություն»,- բարձրաշենցիներին ասել է Տեր Նավասարդ Կճոյանը: Հիմնային աշխատանքներից հետո շուտով այս համայնքում էլ կկառուցվի եկեղեցի:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելել է նաեւ Հովտաշեն համայնք, որտեղ եկեղեցու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Սրբազան Հայրն օրհնել է շինարարներին, ում ջանքերով եկեղեցին շուտով կհանձնվի հավատավոր ժողովրդին:



























