Հայաստանի բնապահպանության նախարարության՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի գործընթացում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 580 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է 309 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 309 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ եւ 2.5 կգ խեցգետին: Բռնագրավված խեցգետինը բաժնի աշխատակիցները, համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո, կենդանի վիճակում բաց են թողել ջրամբար:
Ջրերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Արարարատյան դաշտավայրում հայտնաբերված երեք խախտման համար տրվել է` խորքային հորերի վրա փականային ռեժիմով ջրառի դադարեցման երեք որոշում, ինչպես նաեւ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 2.61 մլն դրամ գումար:



























