Երեւանի պետհամալսարանի եւ Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից Երեւանում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում հայ եւ լեհ քաղաքագետներն անդրադարձել են Արեւելյան գործընկերության ձեռքբերումներին եւ ապագային, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին:
«Արեւելյան գործընկերություն եւ Հայաստան. նպատակներ, փորձառություն եւ մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին մասնակցել են Յագելոնյան համալսարանի միջազգային եւ քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Բոգդան Շլախտան եւ դոկտոր, պրոֆեսոր Պիոտր Բարյորը, ինչպես նաեւ հայ քաղաքական հետազոտողներ, ԵՊՀ-ի դասախոսներ եւ ուսանողներ: Քննարկման հայ մասնակիցներից էին, մասնավորապես, Վայոց ձորի մարզպետ պրոֆեսոր Էդգար Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, ԵՊՀ ռեկտորի խորհրդական պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը:
Հայ եւ լեհ քաղաքագետների հանդիպմանն աջակցել է Լեհաստանի ԱԳՆ հանրային եւ մշակութային դիվանագիտության դեպարտամենտը` «Հանրային դիվանագիտության բնագավառում համագործակցություն 2013» ծրագրի շրջանակներում:
Կլոր սեղանի մասնակից, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ընդգծել է, որ Լեհաստանը` որպես Արեւելյան գործընկերության նախաձեռնող, հնարավորինս կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ կաջակցի Հայաստանում բարեփոխումների եւ համակարգային փոփոխությունների գործընթացներին, որոնք կմոտեցնեն Հայաստանը ԵՄ-ին:
Բանավեճը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հետխորհրդային ժամանակաշրջանի Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկիի հիշատակը:




























