Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերված 16-ամյա Հ. Մ-ի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդի քաղաքի Ըմբշամարտի դպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանը:
Դեպքի վերաբերյալ քննությունը կատարվում էր Վրաստանում, որտեղ հարցաքննել էին հայկական պատվիրակության անդամներին եւ նշանակել փորձաքննություններ: Դրանց պատասխանը պետք է լիներ 20 օրից, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի սկիզբ, սակայն մինչ օրս Վրաստանի իրավապահ մարմինները չեն ուղարկել փորձաքննության եզրակացությունը եւ անընդհատ ձգձգում են այն:
Ժորա Նալբանդյանն ասաց, որ փորձաքննությունն արված է, եզրակացությունը կա, սակայն իրենց չեն հայտնել եզրակացության մասին, ասել են՝ «իրավունք չունենք», եւ պահանջել են, որպեսզի գրավոր նամակով դիմեն՝ ծնողի ստորագրությամբ: Այժմ ընտանիքը նաեւ այդ նամակն է ուղարկել, եւ սպասում է փորձաքննության պատասխանին, որպեսզի վերջնականապես պարզվի, թե ինչն էր նրա մահվան պատճառը:
«Մտածում ենք, որ կարող է սրտի հետ կապված խնդիր ուներ, իր հայրն էլ է ունեցել, ժառանգական կարող է անցած լինել, բայց հոր մոտ էլ մանկուց չի եղել, հնարավոր է իր մոտ եւս հետո է առաջացել»,- ասաց Ժորա Նալբանդյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնաբերվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ի սահմաններում կորած ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,) դին: Տղան գնացել էր Վրաստան` մասնակցելու սեպտեմբերի 5-սեպտեմբերի 13-ը Վրաստանում կայանալիք ըմբշամարտի մրցումներին:




























