25-ամյա Անահիտ Ն.-ն մեղադրվում է այն բանում, որ գնացել է ծանոթից պարտքով գումար խնդրելու, բայց գողություն է կատարել: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Անահիտ Ն.-ն, պարտքով գումար խնդրելու նպատակով գնացել է իր տան հարեւանությամբ տեղակայված Լիաննա Հ.-ի տուն եւ դուռը թակելով եւ ներսից ձայն չլսելով ու մտածելով, որ իր ձայնը չեն լսում, բացել է փականով չփակված դուռը, ներս է մտել եւ տեսել, որ տանը մարդ չկա: Դրանից հետո նրա մոտ առաջացել է ինչ- որ իր գողանալու նպատակ եւ հյուրասենյակի զգեստապահարանի դարակից գաղտնի հափշտակել է ոսկյա եւ այլ տեսակի զարդեղեն` Լիանա Հ.-ին պատճառելով զգալի չափի ` 450.500 ՀՀ դրամի վնաս: Այսինքն` Անահիտ Ն.-ն կատարել է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը զգալի չափերով): Այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-400-ապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























