Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում հայտնաբերված նյութը սնդիկ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Նա նշեց, որ պարզվել է, որ հայտնաբերվածը փոքր քանակությամբ սնդիկ էր, սակայն, թե ով էր այն նետել, ինչ նպատակով, դեռեւս պարզ չէ: Հարցին, թե հիմա ավելի զգույշ եք, դեկանը պատասխանեց. «Նորմալ կյանքով եմ ապրում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում անհայտ ծագմամբ նյութ է հայտնաբերվել: Տարածքում տեսախցիկներ չկան, ինչը դժվարացնում է թունավոր նյութը նետող անձի բացահայտումը, դեկանի աշխատասենյակի ելումուտը տեսախցիկի դաշտից դուրս է:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքից ուղարկվել էին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 256-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը, եթե դա առաջացրել է դրանց հափշտակում կամ պատճառել է այլ էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: