Շիրակի մարզի Ջրաշինարարների 4-րդ փողոցի տներից մեկում 24-ամյա երիտասարդի՝ կախված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Առայժմ ներգրավված անձինք չկան, այլ մանրամասներ քննությունից հայտնի չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 19-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում` կիսակառույց շինությունում, հայտնաբերվել է 1989 թ. ծնված Ա. Պ.-ի դին՝ կախված վիճակում: Պարզվել է որ, դեպքը տեղի է ունեցել Ջրաշինարարների 4-րդ փողոցի տներից մեկում: Երիտասարդը ամուսնացած է, ունի երեք երեխա: Նա չի աշխատում, ապրում էր Արթիկում՝ ծնողների հետ միասին: Դեպքի օրը նա տնից դուրս է եկել եւ զգուշացրել հարազատներին, որ այլեւս չի վերադառնա: Մտերիմների պնդմամբ՝ դրան որեւէ կռիվ, վիճաբանություն չի նախորդել:




























