Ոստիկանության Կենտրոնականի բաժնից քիչ առաջ ազատ են արձակել բերման ենթարկված մոտ մեկ տասնյակ անձանց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վիլեն Գաբրիելյանը՝ հայտնի «Նավակը ճոճող» մականունով, ով եւս րոպեներ առաջ է ազատ արձակվել:

Վերջինիս խոսքով, իր հետ միասին ազատ են արձակել մոտ մեկ տասնյակ անձանց՝ այդ թվում քաղաքացիական ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Վահագն Մինասյանին, Վահրամ Սողոմոնյանին, Դավիթ Գեւորգյանին եւ այլոց:

Գաբրիելյանը նշեց, որ սկզբնապես ոստիկանությունը ցանկացել է քրգործ հարուցել իր վրա 316 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հոդվածի հատկանիշներով, սակայն մոտ յոթ ժամ պահելուց հետո քրգործով ներգրավել են որպես վկա եւ ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը: