Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, հանրային պաշտպան Բիլ դը Բլազիոն. Այդ են վկայում էքզիթ փոլի արդյունքները: Դը Բլազիոն հաղթել է հանրապետականների թեկնածու, Նյու Յորքի հասարակական տրանսպորտի վարչության նախկին ղեկավար Ջոզեֆ Լոտեին: Քաղաքապետի պարատականությունները Բիլ դը Բլազիոն կստանձնի 2014թ. հունվարին:
Ըստ նախնական տվյալների` դը Բլազիոյի օգտին քվեակել է ընտրողների 60%-ը: Ընտրություններին մասնակցել են նաեւ երկու անկախ թեկնածու` Ադոլֆո Կարինին եւ Ջեք Հայդարին, հայտնում է rbc-ն` վկայակոչելով The New York Times-ը:
Բիլ դը Բլազիոն կդառնա 20 տարվա ընթացքում Նյու Յորքի առաջին դեմոկրատ քաղաքապետը. 1993թ.-ից ի վեր քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել են հանրապետականները: Նա այդ պաշտոնում կփոխարինի Մայքլ Բլումբերգին` Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ գործարարներից մեկին:
Դեմոկրատ թեկնածուին ընտրությունների ընթացքում սատարել են հոլիվուդյան աստղեր Ալեք Բոլդուինը, Սառա Ջեսիկա Փարքերը եւ Սյուզան Սարանդոնը: Ուշադրություն էր գրավել նաեւ 2013թ. հուլիսին Լոգ Այլենդի քոլեջի հիվանդանոցը փակելու բողոքի ցույցի ժամանակ դը Բլազիոյի ձերբակալությունը` չնայած մի քանի ժամ անց ապագա քաղաքապետն ազատ էր արձակվել:
52-ամյա դը Բլազիոյի քարոզչության մասն ավանդական «սոցիալիստական» կետն էր` կացարանների կառուցում անապահով քաղաքացիների համար։ Այդ պատճառով նա դիտորդների եւ քաղաքական հակառակորդների կողմից ստացել էր Ընկեր Բիլ մականունը:





























