Իլինոյս նահանգը, որտեղ իր քաղաքական ուղին սկսել է Բարաք Օբաման, դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որն ընդունել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենքը։

Իլինոյսի խորհրդարանի  ստորին պալատը կողմ է քվեարկել օրենքին՝ հաշվի չառնելով կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների բողոքները։

Փաստաթղթին կողմ է քվեարկել նահանգի Ներկայացուցիչների պալատի 61 անդամ: Դեմ են քվեարկել 54 պատգամավորներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նահանգի Սենատը օրենքին հավանություն էր տվել դեռեւս փետրվարին: Մնում է միայն, որ փաստաթուղթը  ստորագրի դեմոկրատ նահանգապետ Պատրիկ Քուինը:

Նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ են արտահայտվել  բազմաթիվ աֆրոամերիկացի օրենսդիրներ, որոնք բողոքական եկեղեցիների դիրքորոշման կողմնակիցն են: