Մինչև այժմ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ:

Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։

2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն աջակցություն է ստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքավորումների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ   ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։