Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, NEWS.am-ին ասաց, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից:

«Երեկվա կատարվածը ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Սա քաղաքական գործ է, ոչ թե քրեական։ Նա խուլիգանություն չի արել, որ փաստաբանի ծառայությունից օգտվի», - ասաց Ռուզաննան:

Շանթ Հարությունյանի նախկին կնոջ խոսքով՝ Շանթը լուրջ ծրագրեր է ունեցել, երկրում արժեքային լուրջ փոփոխություններ է ցանկացել անել. «Շանթը առողջ մտածելակերպ ունի, հասկանում է, որ երկիրը կործանման է գնում»:

Ռուզաննան նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ էլ է Շանթը հրաժարվել փաստաբանի ծառայություններից, ինքն է իրեն պաշտպանել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի, ակտիվիստների և ոստիկանության միջև բախումներ են եղել, հնչել են պայթյուններ: Բախումների հետեւանքով երկու տասնյակից ավելի մարդ բերման է ենթարկվել, կան մոտ մեկ տասնյակ վիրավորներ, որոնցից 8-ը ոստիկաններ են։ 20 մարդ ձերբակալվել է։