Դանիայում Հայաստանի դեսպանատանը նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել դանիացի գրող Քեյթ Ղոյստայի «Կարեն Յեփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես ՝ եկել Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը՝ նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը  դանիացի մարդասեր եւ «հայ որբերի մայրիկ» Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր եւ այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:

Դեսպանն իր խոսքում հիշատակել է, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Յեփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաեւ իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրել է, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել եւ նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքից հետո իր գրքի եւ այն գրելու մտահղացման մասին խոսել է հեղինակը` Քեյթ Ղոյստան:  Նա պատմել է, որ, լինելով Սիրիայում, տեղեկացել  է Կարեն Յեփփեի գերեզմանի մասին, սակայն  չի հասցրել այցելել նրա շիրիմին եւ այդ նպատակով երկրորդ անգամ է մեկնել Սիրիա: Նա սկսել է ուսումնասիրել Կարեն Յեփփեի կյանքը եւ գործունեությունը, այցելել է նրա ծննդավայր` Գյուլինգ եւ ծանոթացել տեղական արխիվի, ինչպես նաեւ Դանիայի Թագավորական գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերին: Գրողը մեկնել է նաեւ Գերմանիա` Յոհանես Լեփսիուսի եւ Կարեն Յեփփեի միջեւ նամակագրական նյութերն ուսումնասիրելու համար:

Շնորհանդեսի վերջում ներկա գտնվողները բազմաթիվ հարցեր եւ շնորհակալության խոսքեր են ուղղել Քեյթ Ղոյստային:

Նշենք, որ «Կարեն Յեփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գիրքը տպագրվել է 2013թ. մայիսին դանիերենով:

Այն պատմում է Կարեն Յեփփեի կյանքի եւ գործունեության մասին: Նախորդ դարասկզբում Դանիայում գործող «Հայերի դանիացի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից լսելով սահմռկեցուցիչ պատմություններ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին՝  Կարեն Յեփփեն որոշում է գնալ  եւ օգնել կոտորածներից ողջ մնացածներին: 1903թ. Կարեն Յեփփեն ժամանում է Ուրֆա եւ զբաղվում որբ երեխաների խնամքով եւ ուսուցմամբ: Նա մնում է Ուրֆայում եւ Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա տեղափոխվում  է Հալեպ` Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաներին խնամելու եւ գերության մեջ գտնվող կանանց  ազատագրելու համար եւ այնտեղ է մնում մինչեւ իր կյանքի վերջը:

Հալեպում Կարեն Յեփփեի հիմնած եւ իր անունը կրող ազգային ճեմարանում ուսում են ստացել հազարավոր հայորդիներ: