Էկվադորի նախկին նախագահ Լենին Մորենոն դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ չինական Sinohydro ընկերությունից կաշառք ստանալու գործով, հայտնում է Associated Press-ը։
Դատարանը Մորենոյին մեղավոր է ճանաչել կոռուպցիոն սխեմային անմիջական մասնակցության համար, որը կապված էր հիդրոէլեկտրակայանի կառուցման պայմանագրի կնքման հետ։ Քանի որ 73-ամյա նախկին նախագահը հաշմանդամություն ունի և չի կարող ինքնուրույն քայլել, պատիժը նա կկրի տնային կալանքի պայմաններում։
Մորենոյի հետ միասին կոռուպցիոն սխեմային աջակցելու համար մեղավոր են ճանաչվել նրա կինը և դուստրը, երկու եղբայրները և փեսան։ Նախկին նախագահի կինը և դուստրը ստացել են 30-ական ամիս ազատազրկում։ Բոլոր դատապարտվածներին նաև պարտավորեցրել են 90 օրվա ընթացքում պետությանը վերադարձնել ապօրինաբար ստացված միջոցների չափը եռակի գերազանցող գումար։
Դատախազության վարկածով, կոռուպցիոն ցանցը գործել է Էկվադորում 2008-ից 2018 թվականներին։ Սխեմայի մասնակիցները ստացել են կաշառքներ՝ Sinohydro-ի իրականացրած նախագծի արժեքի 4 տոկոսի չափով։ Գումարները ներքին և միջազգային հաշիվների միջոցով փոխանցվել են պետական պաշտոնյաներին և սխեմայի այլ մասնակիցներին, այդ թվում՝ Մորենոյին։
Խոսքը Coca Codo Sinclair հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին է, որի արժեքը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Sinohydro-ն օբյեկտի շինարարությունը սկսել է 2010 թվականին և այն փոխանցել Էկվադորին 2016-ին։ Հետագայում նախագիծը բազմիցս քննադատության է ենթարկվել կառուցվածքային թերությունների պատճառով։
Մորենոն դարձավ Էկվադորի կոռուպցիայի գործով դատապարտված երրորդ նախկին նախագահը։ Ընդ որում, հանցագործությունները, որոնց համար նա դատապարտվել է, կատարվել էին մինչև պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը։
Նախկին նախագահ Ռաֆայել Կորեան, որի օրոք Մորենոն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, 2020 թվականին հեռակա կարգով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ բրազիլական Odebrecht շինարարական ընկերության հետ կապված կաշառքների գործով։ Կորեան արդեն մի քանի տարի է՝ ապրում է Բելգիայում։ Էկվադորի մեկ այլ նախկին նախագահ՝ Համիլ Մաուադը, 2014 թվականին ստացել է ութ տարվա ազատազրկում պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար։ Նախկին նախագահ Աբդալա Բուկարամը սպասում է դատավճռի կայացմանը՝ կազմակերպված հանցավորության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։
Մորենոն Էկվադորի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 2013 թվականներին, իսկ 2017 թվականին ընտրվել է երկրի նախագահ։ Նա իշխանության է եկել որպես Կորեայի շուրջ ձևավորված շարժման թեկնածու, սակայն հետագայում հեռացել է իր նախորդից։




























