ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մտերիմների և ծանոթների հետ մասնավոր զրույցներում քննարկել է 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով այս զրույցներին ծանոթ երկու անձանց։

Հեռուստաալիքի տվյալներով,՝ Հեգսեթը և նրա կինը՝ Ջենիֆերը, վերջին մի քանի ամիսներին հնարավոր են հանարել նրա առաջադրման հնարավորությունը։ Սա կարող է պաշտպանության նախարարին դասել Դոնալդ Թրամփի վարչակազմի այլ ազդեցիկ ներկայացուցիչների շարքում, որոնց դիտարկում են որպես նախագահի հնարավոր ժառանգների և MAGA շարժման առաջնորդների։

Հեգսեթի քաղաքական հավակնությունների նկատմամբ նոր հետաքրքրություն առաջացավ Այովա նահանգի տոնավաճառ նրա վերջին այցից հետո , որտեղ նա հանդես եկավ հանրապետական կոնգրեսական Զաք Նանի աջակցությամբ, նշում է հեռուստաալիքը։

Այովան ավանդաբար կարևոր դեր է խաղում ԱՄՆ նախագահական քարոզարշավում, քանի որ առաջինն է անցկացնում կուսակցական նախնական ընտրական միջոցառումները։

Միևնույն ժամանակ, Պենտագոնում կտրականապես մերժել են Հեգսեթի հնարավոր նախագահական ծրագրերի մասին հաղորդումները։ «Նախարար Հեգսեթը նախագահական ընտրություններին չի առաջադրվում, և նրա գլխավոր խնդիրը Ռազմական նախարարությունը ղեկավարելն է։ Մնացած բոլոր շահարկումներն անհեթեթ են», — NBC News-ին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը։

Ինքը՝ Հեգսեթը, նյութի հրապարակումից հետո նույնպես կտրուկ հերքել է տեղեկությունը։ «100%-անոց սուտ», — գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեղադրելով NBC News-ին ստելու և անանուն աղբյուրներ օգտագործելու մեջ։

Եթե Հեգսեթը մասնակցի նախագահական մրցավազքին, նա կարող է բախվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որոնց արդեն անվանում են 2028 թվականին Հանրապետական կուսակցությունից առաջադրման ամենահավանական հավակնորդները։

Հեգսեթը վայելում է MAGA-ի կողմնակիցների ժողովրդականությունը կոշտ հռետորաբանության և DEI քաղաքականության ու այլ նախաձեռնությունների քննադատության շնորհիվ, որոնք նա անվանում է «արթնացած աղբ»։ Հանրապետական ռազմավարներից մեկը NBC News-ին ասել է, որ նախարարը լավ է ընկալվում կուսակցության հիմնական ընտրազանգվածի կողմից և մարմնավորում է այն «առնականությունը», որով Թրամփը կարողացավ իր կողմը գրավել 2024 թվականին։

Սակայն Հեգսեթի հնարավոր նախագահական արշավը կարող է բախվել լուրջ խոչընդոտների։ Դրանց թվում են՝ Իրանի հետ շարունակվող պատերազմի ընթացքում նրա գործողությունների քննադատությունը, ինչպես նաև Signalgate սկանդալը, որը կապված է փակ չատում գաղտնի ռազմական գործողության քննարկման հետ։

Թրամփի կողմնակիցներից մեկը, որը մոտ է Սպիտակ տանը, նշել է, որ թեև «MAGA-ն իսկապես սիրում է Հեգսեթին», նախարարին դեռ պետք է «արդյունք ցույց տալ»։ «Եթե ուզում ես լինել ռազմական նախարար, պետք է հաղթես պատերազմներում», — ասել է նա։

Միաժամանակ Ամերիկյան պահպանողական միության նախագահ Մեթ Շլապը Հեգսեթին կոչ է արել դիտարկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունը․ «Փիթ Հեգսեթը պետք է մտածի նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մասին։ Նա տպավորիչ մարդ է և հսկայական էներգիա ունի»։