Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ քննարկվել է Երեւանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական եւ գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ այն ոչ միայն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների գիտակրթական կապերի ընդլայնման եւ զարգացման, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ երկու հասարակությունների  մերձեցման համար: 

Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ միասնական կրթական տարածքի ձեւավորմանը:

Ակադեմիկոս  Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կրթական եւ գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն  կրթության կազմակերպումը Հայաստանում: