Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող ԿԳՆ պատշգամբից ցած նետված բնապահպանության նախարարության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի ինքնասպանության գործն 80 տոկոսով քննվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը: Նա փոխանցեց, որ քննիչները իրեն հրավիրել են Երեւան եւ հայտնել այդ մասին:
«Սակայն մանրամասները չասացին: Ես դեռ չգիտեմ կատարվածը ինքնասպանություն է թե՝ ոչ: Ասացին, որ այս պահին էլ բան չեն կարող ինձ ասել: Իսկ մնացածը կասեն գործի ավարտից հետո` մինչեւ դեկտեմբեր»,- ասաց Հայկի հայրը:
Մինչեւ այդ NEWS.am-ի միջոցով Հայկի հայրը դիմել էր իրավապահներին եւ պահանջել, որ իրեն տեղյակ պահեն որդու գործով կատարվող քննության մասին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը նշել էր, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել, անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանա, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշել էր Հայկի հայրը եւ ավելացրել, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել:
Հիշեցնենք, որ կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից նետվել է 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով բնապահպանության նախարարության աշխատակից էր: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն էլ ասել էր, որ Հայկը նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր, ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս էր եկել աշխատասենյակից եւ տեղի էր ունեցել դեպքը: «Պարտաճանաչ աշխատակից է եղել, կոլեկտիվի կողմից սիրված, կոլեկտիվին նվիրված»,- ասել էր մամուլի քարտուղարը` հավելելով, որ աշխատակիցները նրա մոտ որեւէ կասկածելի բան չեն նկատել:




























