ԵԱՀԿ-ի առջեւ դրված խնդիրների առավել արդյունավետ կատարման համար անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել այդ կառույցում: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ բանակցությունների արդյունքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ-ի, միջազգային գործերում նրա դերի եւ տեղի ամրապնդման օգտին՝ նրա նախնական նշանակությանը համապատասխան»,-ասել է ռուսաստանցի նախարարը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ-ն ստեղծվել է «եվրատլանտյան տարածքում բաժանարար գծերի վերացման, բոլոր մակարդակներում համագործակցության եւ անվտանգության ամրապնդման ընդլայնման համար»:

Ռուսաստանն, ըստ Լավրովի, այս կառույցը դիտարկում է որպես «յուրահատուկ գործիք, որը իր ողջ պոտենցիալի գործարկման դեպքում՝ կարող է շատ հարցեր լուծել եվրատլանտյան տարածքում, ներառյալ կազմակերպության ողջ տարածքում ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցումը»:

«Դա վերաբերում է տնտեսությանը, մարդասիրական ոլորտին, ներառյալ մարդկանց ազատ տեղաշարժը, վիզային ռեժիմների պարզեցումն ու վերացումը, ինչը հենց նախատեսվում էր, երբ Հելսինկիում ստորագրվում էր եզրափակիչ ակտը»,-ասել է Լավրովը:

«Որպեսզի ԵԱՀԿ-ն կարողանա առավել արդյունավետ կատարել իր առջեւ դրված խնդիրները, ցանկանում ենք կազմակերպությունում բարեփոխումներ իրականացվեն: Նախ եւ առաջ, ուզում ենք ընդունել ԵԱՀԿ-ի կանոնադրություն, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն պետք է կանոնադրության փաստաթուղթ ունենա»,-ընդգծել է Լավրովը: