Ընդհանուր առմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ինքն իրեն սպառել է` եթե այս ձեւով է գործելու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:
«Մի կողմից, կոնֆլիկտի կողմերն այնպես են վարվում, կարծես իրենք հյուր են այս տարածաշրջանում, պետք է մյուսները գան իրենց սուրճ հրամցնեն, եւ մեկն ասում է` սուրճդ շատ դառն է, մյուսը`շատ քաղցր է, նորը բերեք, խնդրեմ: Կարծես իրենց պրոբլեմը չէ: Այս ընդհանուր մոտեցումը շատ վնասակար է: Անհրաժեշտ է, որ ուղղակի զգան, որ իրենց պրոբլեմն է եւ իրենք գտնեն լուծումը: Երկրորդը, ժամանակի ընթացքում նվազել է Միացյալ Նահանգների կարեւորությունը եւ ազդեցությունը: Այսինքն` Ռուսաստանը պատերազմ է վարում Վրաստանի դեմ, եւ Միացյալ Նահանգները ոչինչ չի կարողանում անել… Այստեղ տարբեր սցենարով կլինի, բայց պատերազմի կարելիությունը միշտ կա»,-ասել է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին զենքի մեծածավալ մատակարարումներին, նա նշել է. «Ռուսաստանը հայամետ չէ. սա պետք է ընդունենք: Ռուսաստանը ռուսամետ է: Այնպես, ինչպես սահմանում են իրենց շահերը, այդպես էլ գործում են: Այս կոնֆլիկտի ամբողջ ընթացքում` 1988-ից սկսած Ռուսաստանի ոչ մի պաշտոնյա, բացի Դումայի մեջ մի քանի հոգի, գործադիր իշխանության, կամ բանակի որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ, ոչ ոք չի ասել, որ իրենք համաձայն են կամ կարող են համաձայնել Ղարաբաղի անկախությանը: Չեն ասել: Նույնիսկ երբ Արեւմուտքը սկսեց Կոսովոյի հարցի վերաբերյալ փոխել իր դիրքորոշումը, եւ նախագահ Պուտինը հայտարարեց, որ` եթե դա անեն, մենք Աբխազիան եւ Հարավային Օսեթիան կճանաչենք, Ղարաբաղը չկար դրա մեջ: Մինչեւ հիմա չկա: Եվ պետք չէ այպանել, պարզապես պետք է հասկանալ, որ այդ մարդիկ իրենց քաղաքականությունն ունեն»:
Մեկնաբանելով Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի հրամանատար Ռուզինսկու հայտարարությունը, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի, ռուսական բանակը կներգրավվի` Լիպարիտյանն ասել է. «Նա չասաց` կարող է պաշտպանել Ղարաբաղը: Կարող է ներգրավվել Ադրբեջանի կողմից: Այդ հայտարարությունները շատ զգույշ պետք է կարդալ: Եվ գալիս է գնդապետի կողմից. ինչո՞ւ որեւէ ավելի բարձր պաշտոնյա ավելի հստակ բան չի ասում»:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությանը, Լիպարիտյանն ասել է. «Թերեւս ամբողջ աշխարհը զարմացավ, ես չզարմացա: Գիտեք, մեր ժամանակ էլ`93-ի՞ն էր, Մաքսային միության ինչ-որ հարց կար, եւ մենք այն ժամանակ ոչ ասացինք` ասելով, որ մենք սահման չունենք… Եկեք ուրիշ ձեւով լուծենք: Ի՞նչ պատահեց այս ընթացքում: Ժամանակի ընթացքում մենք կորցրել ենք այլընտրանքայինը: Մեր այլընտրանքը պիտի լիներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություն եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հասարակությունների գործունեություն, որպեսզի մեկը մյուսի դեմ չգործածվեր: Իսկ դա մենք կորցրինք: Ռուսաստանը դեմ չէ լուծման: Ռուսաստանը դեմ է որեւէ լուծման, որը կնվազեցնի իր արժեքը եւ կավելացնի Արեւմուտքի ազդեցությունը»:
«Բայց այդ բոլորի մեջ ամենակարեւորը Լաչինի հարցն է: 93-ին ես իմ թիմին հանձնարարություն տվի, որ համեմատենք ԵԱՀԿ-ի բոլոր առաջարկությունները, որոնց մասնակցել էր դեսպան Կազիմիրովը` տաղանդավոր դիվանագետ, բայց ռուս դիվանագետ, ինքը իր երկրին էր ծառայում: Եվ այդ բոլորի [առաջարկությունների] մեջ երկու բան կար անփոփոխ` ստատուսի հարցը չէր դրվում, որովհետեւ եթե դրվեր, Ռուսաստանը պիտի ասեր, որ ինքը դեմ է անկախության, եւ չէր ուզում ասել... Երկրորդն այն է, որ Ռուսաստանը անդադար գնում էր մի բանի հետեւից` Լաչինի վերահսկողությունը: Դա ծորակն է եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի, եւ Ադրբեջանի համար` սա՞ռը ջուր կբացես, թե՞»:
Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ իր կարծիքով ռուսները կարող են նորից գալ, նա արձագանքել է. «Պիտի գան: Վերջին փաստաթղթերի մեջ կտեսնեք, որ բոլորի կողմից կարծես ընդունված է այդ սկզբունքը, որ միջազգային ուժ պիտի գա Լաչին»:





























