Բնականաբար, Հովիկ Աբրահամյանը պետք է քարոզեր իր կուսակցության թեկնածուի օգտին եւ պետք է պաշտպաներ իր կուսակցության շահերը, այլ ելույթ Հովիկ Աբրահամյանից չէինք էլ ակնկալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ` նոյեմբերի 8-ին, Արարատում տեղի ունեցած ՀՀԿ հանրահավաքին Հովիկ Աբրահամյանի ելույթին:

«Բնականաբար Հովիկ Աբրահամյանը պետք է ասի այն, ինչ բխում է իր կուսակցության շահերից: Ես պարոն Ծառուկյանին շատ արագ ներկայացրել եմ բոլոր ելույթները, այդ թվում՝ մարզպետի: Ինձ համար հասկանալի չէ կամ ավելի ճիշտ խիստ հասկանալի է, թե ինչի նախկին գործընկերներիս հոգեհարազատ է եղել հատկապես Հովիկ Աբրահամյանի ելույթին վերաբերող հատվածը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ թե ինչիպիսին էր ԲՀԿ առաջնորդի արձագանքը իր խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած ելույթին, պատգամավորն ասաց, որ «պարոն Ծառուկյանը բացարձակապես չի զարմացել, նա ընդամենը ծիծաղեց»: Ելույթից հետո կվատանա՞ն խնամիների հարաբերությունները, թե՞ ոչ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը միջանձնային հարաբերությունները չի մեկնաբանում:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ հանրահավաքից հետո որեւէ քննարկում չի եղել եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե իրենց մրցակցի հանրահավաքում ինչ բնույթի ելույթներ կհնչեին: «Կարծում եմ մեր մրցակցի հանրահավաքում ելույթ ունեցողները ճիշտ կանեին ոչ թե փնովին ԲՀԿ-ին, բոլոր ելույթներում թիրախը ԲՀԿ-ն էր, այլ ներկայացնեին իրենց թեկնածուին, այդպես ավելի շահեկան մոտեցում կլիներ, բայց իրենց գործն էր»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ելույթին, թե «գալիս են ԲՀԿ-ական պատգամավորները, մատ են թափ տալիս ժողովրդի վրա», Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Հիմնական խոսնակը եղել եմ ես եւ խստագույնս զգուշացրել եմ այն պաշտոնյաններին, ովքեր կփորձեն բռնանալ ժողովրդի ընտրության վրա, պատասխանատվության են ենթարկվելու,եթե դա իրենք մատ թափ  տալ են ընկալել, ղա բացառապես իրենց գործն է: ԲՀԿ որեւէ պաշտոնյա երբեք ոչ Արարտում, ոչ էլ որեւէ այլ տեղ չէր կարող ժողովրդի վրա մատ թափ տալ»:

Նշենք, որ երեկ Արարատում հանրահավաիք ժամանակ, երբ ժամանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը սկսեց զեկուցել նրան, թե ինչ է ասել Հովիկ Աբրահամյանը,եւ ինչ պատասխան է ինքը տվել։ «Բայց իսկականից ըտենց բա՞ն ա ասել»,- ժպտալով հարցրեց Գագիկ Ծառուկյանը։