Փարիզում փորձի ժամանակ տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունից մարդ է զոհվել, նոյեմբերի 9-ին տեղեկացնում է  Agence France-Presse-ը։ Գործակալության տվյալով՝ մեկ մարդ զոհվել, 14-ն էլ վիրավորվել են։

Նշվում է, որ զոհվածը բեմի աշխատողներից է եղել։ Պայթյունից հետո նրան հիվանդանոց են հասցրել, սակայն  տղամարդուն փրկել չի հաջողվել։

Իր հերթին BBC News-ը տեղեկացնում է, որ հինգ տուժածների վնասվածքները բժիշկները գնահատում են ծանր։ Հաղորդվում է, որ նրանց թվում կան բեմի աշխատողներ եւ թատերախմբի անդամներ, հայտնում է lenta.ru-ն։

Նախնական տվյալով՝ հրատեխնիկայի պայթյունի պատճառը դրա մոտ էլեկտրական սարքի օգտագործումն է եղել։ Այժմ դեպքի հանգամանքները պարզում է ոստիկանությունը։

Պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 8-ի երեկոյան Palais des Sports մարզահամալիրում, որտեղ ընթանում էր «Բաստիլի սիրահարները» մյուզիքլի փորձը։ Հրատեխնիկայի պայթյունի  հետեւանքով շենքի մի մասը փլուզվել էր եւ բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են մոտ 100 հրշեջներ եւ 20 մեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանյուել Վալսը։