Բանգլադեշում կարի արտադրամասի աշխատակիցները երկուշաբթի օրը երկրի արդյունաբերական շրջաններում բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Ոստիկանության հետ բախումներում վիրավորվել է 30 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Կարի արտադրամասերի աշխատակիցների արհմիությունները պահանջում են նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 100 դոլարի, այժմ այն 40 դոլար է: Ավելի վաղ կառավարական կոմիտեն պաշտպանել էր նվազագույն աշխատավարձը մինչեւ 66 դոլար բարձրացնելու առաջարկը, սակայն աշխատողները դա անբավարար են համարում: Երկուշաբթի Դակկի Սավարե արդյունաբերական գոտում եւ այլ թաղամասերում արտադրամասերի տերերը փակել են շուրջ 100 արտադրամաս՝ բախումներից խուսափելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այժմ Բանգլադեշում տեղի են ունենում նաեւ երկրի քաղաքական ընդդիմության ցույցերը, որոնք կառավարության հրաժարականն են պահանջում՝ 2014թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Կիրակի օրը բախումների հետեւանքով զոհվել էր մեկ մարդ:
Բանգլադեշում կարի արդյունաբերության աշխատակիցների անվտանգության թեման հատկապես արդիականություն էր ստացել ապրիլին՝ Սավարեում շենքի փլուզումից հետո, որտեղ հագուստի արտադրամասերում եւ առեւտրի կետերում զոհվել էր 1,1 հազար մարդ:





























