Տաջիկստանում նախորդ օրը գրանցված ստորգետնյա երեք ցնցումների հետեւանքով հիմնովին ավերվել է 100-ից ավելի, մասնակի՝ 250 տուն:

Ըստ ԱԻՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռուդակի շրջանում՝ Դուշանբեից 21-26 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով տվյալ շրջանում հիմնովին ավերվել է 104 տուն, մասնակի՝ 256,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս երկրաշարժից տուժած վայրերում աշխատում է հատուկ կոմիտեն՝ գնահատելով աղետի հետեւանքները: Ըստ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տվյալների՝ նախորդ օրը Տաջիկստանում երեք ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել:   Ըստ սեյսմոլոգների՝  4,0 մագնիտուդով վերջին երկրաշարժը գրանցվել է երկուշաբթի՝ տեղի ժամանակով  առավոտյան 07:05-ին (06.05՝ մոսկովյան ժամանակով): Էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 21 կմ հարավ-արեւելք՝ Ռուդակի շրջանում: Երեկ   տեղի ժամանակով 17:03-ին (16.03-ին՝ մոսկովյան ժամանակով) այնտեղ տեղի էր ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: