Ազդեցություն բոլոր հնարավոր միջոցներով ընտրողի ազատ կամարտահայտման վրա:Այսպիսին է ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկումը՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, Արարատում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին:

Նա նշեց, որ երբեւէ Հայաստանի պատմության ընթացքում մի կոնկրետ առանձին վերցված համայնքում նման ռեսուրսի, միջոցների կուտակում, կենտրոնացում եւ գործածում իշխանության կողմից ինքը չի տեսել:

«Հանրապետական թեկնածուին տված քվեների մեծամասնությունը քաղաքացիները քվեաթերթիկները հատուկ ձեւերով ծալած նետում էին քվեատուփ, կարծում եմ այդ երեւույթը խոսում է ինքն իր փոխարեն: Մարդիկ, ովքեր նկարահանում էին իրենք իրենց քվեարկությունը, կարծում եմ նրա համար չէին անում, որ իրենց հիշողության մեջ վառ պահեն տեղի ունեցածը: Եթե նպատակ ուներ իշխանությունը ամեն գնով հաղթանակ տանելու գոնե մի քանի ձայնի տարբերությամբ, ուրեմն եզրակացությունները թողնում եմ ձեզ: Այն երեւույթները, որոնց մասին խոսում էի ընտրությունների օրը, այդ կուտակումները, աննախադեպ կազմակերպչական աշխատանքները տեղամասերի առջեւ, տեղամասից դուրս, փող բաժանելը բերեց այս արդյունքին: Եթե համահանրապետական ռեսուրսի դեմ պայքարելով մենք պետք է պարտվեինք ընդամենը մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ, եզրակացությունները եւս մնում են հանրությանը»,- նշեց նա:

Կբողոքարկի ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքները, թե ոչ, պատգամավորն ասաց, որ ընտրություններից ընդամենը ժամեր են անցել, քննարկում չի եղել: «Ընդամնեը իմ անձնական տեսակետը կարող եմ հայտնել, բողոքարկենք, որ ի՞նչ լինի կամ ում ինչ բողոքարկենք»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածուն` Հայկ Հայկյանը: ԿԸՀ նախնական արդյունքներով, Հայկյանը ստացել է 4544 քվե, իսկ նրա մրցակիցը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը` 4214 քվե: Պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 8921 ընտրող` գրանցված 13 հազար 218-ից: Անվավեր քվեաթերթիկների թիվը 160 է:

Նշավան համայնքում ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը ստացել է 427 քվե, իսկ նրա մրցակից, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը` 209 քվե:

Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել էին ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

Նշավանում եւս առաջադրվել էին երկու թեկնածու՝  ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:

Արարատում գործել է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել էր 6 հասարակական կազմակերպություն:

Արարատում ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն հայտնել էր բազմաթիվ ընտրակեղծիքների մասին: